Ավետարան ըստ Հավլաբարի

on

Վերլուծություն

Աղ. Այվազյանը, ծանոթ լինելով Թիֆլիս քաղաքին, ճանաչել է ու ընթերցողին ներկայացրել թիֆլիսյան աշխարհն ու թիֆլիսեցու կյանքը: Թիֆլիսը երևան է եկել որպես յուրօրինակ կերպար, համահավաք մի ամբողջություն, որտեղից սկիզբ են առնում բազում գաղափարներ: Հեղինակը Թիֆլիսը պատկերում է ներկայացնելով դրան վերաբերող ամեն մի մանրուք: Այս պատմվածքով ավելի շատ գործ ունենք բարքերի ակնարկի հետ։ Երբ ասում ենք բարքերի ակնարկ, ավելի շատ ի նկատի ունենք այն, որ հեղինակը քաղաքը ներկայացնում է իր ամբողջ ֆիզիոլոգիայով՝ մարդկանցով, փողոցներով,կենցաղով, բարքով․․․ ու այդ ամենը ներկայացնում է արվեստագետի նյարդով։ Փողոցը՝ Հավլաբարը, անձնավորված է, ապրում ու շնչում է նրա յուրաքանչյուր հատվածը և նրանով ապրում է քաղաքը՝ Թիֆլիսը։ Կարելի է ասել, որ Թիֆլիս քաղաքի գլխավոր, նույնիսկ քաղաքն ամբողջապես իր մեջ ներառող թաղամասը Հավլաբարն է: Հեղինակն հենց այս թաղի նկարագիրն է տալիս  «Ավետարան ըստ Հավլաբարի» պատմվածքի մեջ՝ «Հավլաբարից ամեն ինչ երևում է: Ամբողջ Թիֆլիսն իր ծակուծուկով` Շեյթան բազարը, Երևանյան հրապարակը, Սապնի քուչան…. պարոն Խատիսովի, ՄելիքԿազարովի թատրոնները…. Հավլաբարից երևում են տիկին Սալոմկայի խաժ աչքերը…. չարչի Մարտիրուզի ներքնակի մեջ հավաքած փողերը….»։

Բացի տեսանելի առարկայականից, Հավլաբարից երևում են նույնիսկ Թիֆլիսի հիվանդություններն ու երազները, դարդերը:Հավլաբարը ներկայանում է որպես մշակութային կյանքի հայելի՝ Սունդուկյանով ու նրա դրամաներով, Շեքսպիրով ու Յագոյով՝ Մի անգամ Հավլաբարի թատրոնի բեմից դուրս բերեցին Յագոյին ու Մետեխի ժայռից գլխիվայր գցեցին Քուռը։ Իսկ հետո նույնպիսի ջանասիրությամբ ու կրքով փրկեցին Յագոյի դերակատար Սեղբոսյանին։ «Ի՞նչ եք անում… Դուք հո գիժ չեք…»-ջուրը կոկորդում բլթբլթացնելով՝ լաց էր լինում Սեղբոսյանը. «Վա՜,-զարմացավ Հավլաբարը…-չես հասկանո՞ւմ… Մենք խեղդեցինք Յագոյին ու փրկեցինք դերասանին։ Սրանից էլ պարզ բա՞ն»։ Սեղբոսյանը մտածեց եւ համաձայնեց։ Իմաստո՜ւն Հավլաբար, գի՜ժ Հավլաբար…

Լավագույնս ներակայցնում  է քաղաքի բարքերն ու սովորույթները, նամուսն ու պատիվը, ապրելու կերպը՝ «Հավլաբարից երևում են Թիֆլիսի դարդերը։ Ու թե դարդերը շատ են տանջում քեզ, Հավլաբարից երևում է Սարկիսովի գինու պադվալը՝ որտեղ «հարբելը արժե մի աբասի»։ Նշանակում է՝ ոչ թե գինին արժե մի աբասի, այլ դարդեր խեղդելու գինը մի աբասի է։ Խմիր ինչքան կարող ես։ Հարբելը արժի մի աբասի։ Գիտեն, որ դարդերը շատ են Թիֆլիսում, Հավլաբարի շուրջն ու Հավլաբարում… Հավլաբարում մարդիկ թասիբ են պահում, նամուսի համար իրար աչք են հանում, իրար սպանում են, իրենք իրենց են սպանում…»։ Նաև քաղաքի ապրողների բազմաշերտությունը՝ տարբեր ազգեր կողք կողքի նույն սովորույթներով ու բարքերով՝ «Սոլոլակում խոսում էր հայերեն, Վերայում խոսում էր վրացերեն, վանքի բակում խոսում էր գրաբար, Սիրաչխանայի արհեստավորների հետ՝ աշխարհաբար, Դվորցովայի վրա՝ ռուսերեն, թուրքի մեյդանում՝ պարսկերեն, Կիրիչնոյում՝ գերմաներեն, հավլաբարցիների հետ՝ Հավլաբարի լեզվով»։ Շատ մարդիկ իրենց պակասությունը լրացնում են կամ դարդերի համար միջոց գտնում են թիֆլիսյան միկիտաններում, գետնափոր գինետներում: Ինչպիսիք են «Սիմպատիա» գինետունը, որի տասնութ աստիճան ունեցող սանդուղքով «իջնելը դժվար էր, բարձրանալը` էլ ավելի դժվար», կամ Սարկիսովի գինու պադվալը, որտեղ «հարբելը արժե մի աբասի, …. նշանակում է, դարդեր խեղդելու գինը մի աբասի է….»: Պատմվածքում շատ կարևոր է նկատել մարդկային հարաբերությունները և այդ հարաբերությունների մեջ մարդկային ձգտումները, հավլաբարցու ձգտումները, որ ճշմարտությունն ու սերն էին միայն ճանաչում։ Եվ այս պատմվածքում ևս համոզվում ես ,որ նրա բոլոր հերոսները` անկախ սեռից, տարիքից, հասարակական դիրքից, ազգային պատկանելությունից, բարձր կամ թերի մտավոր զարգացածությունից, ճշմարտության կրողներն են, և դա  վեր է ամեն կասկածից: Այս առումով, իհարկե,  հետաքրքիր է  Միրզա Ասատուր խանի կերպարը։ Ամբողջ Թիֆլիսը ոտքի էր կանգնել նախ Ասատուր խանին Ցեցիլիայի ոստայնից փրկելու, հետո ստին նրան մոտ չթողնելու և հետո արդեն նրա հայտարարած ճշմարտությունն ընդունելու համար: Երբ նրան հենց Ցեցիլիան է ասում, որ Վարդուհին իր աղջիկը չի, իրենից չի, առանց տատանվելու ասում է.«Վարդիկը իմ աղջիկն է», «Ինքը չգիտի»: Այսինքն` «Ասատուր խանը համոզված էր, և բոլորը հասկացան, որ նա մի ուրիշ բան գիտի մանկաբարձի գիտցածից վեր, մարմնի սովորական ու հասարակ օրենքներից այն կողմ»: Մի շատ ավելի կարևոր, շատ ավելի վերին բան, քան սովորական մարդկային հարաբերություններից  ծնվելն է: Այստեղ ավելի քան պարզ երևում է նրա հավատամքը, նրա ճշմարտությունը, որը Հավլաբարցունն է , որին մի կարճ պահ ընդդիմացավ  հավլաբարցի Դավիթը՝ «…և Դավիթը սսկեց ու մտքի մեջ ընկավ: Այդպիսի մտքեր մեկ-մեկ այցելում էին նրան, բայց նա վախենում էր ինքն իրեն հավատալ: Այդ մտքերը իր ծնողների, իր պապերի, իր հեռու նախնիների մասին էին: Եվ բոլոր հավլաբարցիների մեջ կային այդպիսիք: Եվ բոլորը սիրում էին Մեկին, իսկ այդ Մեկը մարդու Որդի էր և իր հարազատն էր: Եվ նրանք սիրով էին ղեկավարվում` գտնելու համար իր Մարդուն: Սերն էր ճշմարտությունը, միակ ապացույցը նրանց արյունակցության»: Այսպիսիով՝  Հավլաբարի կերպարաստեղծումը կատարվում է գեղարվեստական պատկերի ստեղծման և ակնարկային (ֆիզոլոգիա, բարքերի ակնարկ) ժանրին հատուկ չափումներով: Աղ. Այվազյանի պատկերած Հավլաբարը և Հավլաբարի միջոցով Թիֆլիսը բնութագրվում է մեկ միասնության մեջ` առարկայականով, մշակույթային և լուսավորական, ավանդական զանազան հիմնարկներով,տարբեր շինություններով ու կենցաղային պատկերներով: Այս ամենով հանդերձ, Հավլաբարի, հետևաբար նաև Թիֆլիսի շարժիչ ուժը ժողովուրդն է, հավլաբարցին է , թիֆլիսեցին, որ ապրում է իր աշխարհում, այդ աշխարհն էլ անխոս կամ մասնակի միջնորդությամբ վկա է դառնում այդ ապրելուն: Համենայն դեպս պարզ չէ` հավլաբարցի՞ն է ապրեցնում Հավլաբարը կամ Թիֆլիսը, թե՞ Հավլաբարով կամ Թիֆլիսով  է ապրում հավլաբարցին կամ թիֆլիսեցին։ Բացի այդ, եթե հաշվի առնենք նաև վերնագիր առաջին բաղադրիչի՝ Ավետարանի մեկնությունը՝ Ավետարան (հունարեն εὐαγγέλιον), բարի լուր, ապա պարզ է դառնում , որ հեղինակը գրելով Հավլաբարի ավետարանը, ներկայացնում է Հավլաբարի ստեղծման, հայտնության և գոյության բարի լուրը, ավետում է նրա մասին։

One Comment Добавьте свой

Оставить комментарий