Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

on

Հերթական անգամ ունեցանք հիշվող և արկածներով լի ճամփորդություն:

Արմինե Գոգինյանի նախաձեռնությամբ այս անգամ եղանք Արագածոտնի մարզում՝ Արուճի Ս. Գրիգոր եկեղեցում, Թալինի Ս. Կաթողիկե և Դաշտադեմի պատմամշակութային ամրոցում: Մեզ ոչ մի կերպ չխանգարեց եղանակային պայմանները՝ նույնիսկ հասցրինք ձնախաղով էլ զբաղվել՝ վայելելով գարնան ձյունը:

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի.

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է:Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։

Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

Դաշտադեմի պատմամշակութային ամրոց

Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են): Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Оставьте комментарий